
Կենսագրություն
Ես ծնվել եմ մի տանը, որը միշտ ողողված էր կյանքի և մահվան միջև թռթրացող պտուտակի ոգով։ Առաջին անգամ ես քուն մտա 1942 թվի մայիսի 9-ին՝ վաղ առավոտյան, մի կլոր սենյակում՝ լուսինը ափերիս։ Պատուհանում լողում էր կարմիր արևը․․․ Հետո նրանք ինձ տարան մի տուն, որտեղ առյուծներն էին բնակվում։ Մենք հեծում էինք բալենու՝ ապակե ճյուղերով կառուցված կամրջի վրայով, իսկ տնից լսվում էր աճպարարի երգը։ Նրա ձայնը վերածվում էր ջութակի նվագի։
․․․ Իրադարձությունները, որոնք ինձ վրա ազդեցին վաղ մանկության տարիներին, մինչ օրս մնում են քաղաքով մեկ սփռված առեղծված։ Մի շքերթ դեպի քաղաքի «Մուշտաիդ» պուրակը, թևավոր կոշիկներ․․․ Մայրս ինձ տարավ «Մուշտաիդ»՝ վայելելու երկրային հրաշքները – «ծիծաղող» և «լացող» հայելիներ։ Մայրս ինձ այնտեղ թողեց մենակ, բայց հեռվից թաքուն հետևում էր ինձ․․․ Մի կարուսել, գութապերչյա առյուծ՝ աչքերի մեջ վառվող ճրագներ, մի նավ՝ Քուռ գետի վրա։ Ես երեք տարեկան եմ, և մենք նավարկում ենք․․․

Գայանե Խաչատուրյանը պատկանում է մեր նկարիչների՝ ստեղծագործական ինքնազատ մտածելակերպ դավանած ու նոր վերելք կանխորոշած 1960-ականների սերնդին։ Ինքնազատությունը Գայանեին մղել է հետևելու ներքին տեսողությանն ու կերտելու տեսիլքային պատկերներ։
Նկարչուհու ծննդավայր Թիֆլիսը՝ թատերական բեմեր հիշեցնող իր հնամենի բակերով, պատմողի հազվադեպ ձիրքով օժտված ագուլիսցի մայրը, նրա հուշերը՝ ծննդավայրում բարեսիրտ իշխանուհի ճանաչված իր մոր և Գողթան աշխարհի գեղեցկությունների մասին, արմատավորել են Գայանեի երևակայությունը, իր արվեստը սնող հող դարձնել․․․
«Մի օր՝ սպիտակ առավոտ, հանդիպեցի Սերգեյ Փարաջանովին։ Երկինքը, համահունչ մեր փոխըմբռնմանը, փթթում էր վառ ծաղկի պես։ Նա ինձ տվեց համապարփակ աշխարհի դյուրաբեկ քնքշությունը․․․»
— Գայանե Խաչատուրյան
Նրա բնատուր տաղանդը զգալի է դեռևս 13-14 տարեկան հասակում վրձնած գունեղ նատյուրմորտներում։ Այդ գործերի բնական ձևերը հետագայում փոխակերպվում են, դառնում զսպված, գաղտնախոս (իհարկե՝ նկարագրից բխող) և հյուսվելով արդեն թրթռուն, լայն գունածավալներին՝ կտավը վերածում են բեմական, որմնանկարային, նաև հեքիաթային տեսադաշտի։ Գայանեի կողմից հայերեն ստորագրված, իսկ կտավների հետևում ռուսերեն նշված, բանաստեղծական անվանում կրող բոլոր նկարների՝ որոշակիորեն խորհրդավոր և մանկաշխարհ հիշեղնող մթնոլորտը նրա արվեստի վառ ինքնության ու գեղեցկապաշտության գրավիչ հիմքն է։ Շնորհիվ այդ հիմքի՝ երբեմն բերկրալի տոնահանդեսային պայծառությամբ, երբեմն թախծոտ մտասույզ լռությամբ շնչող կտավների թելադրած տրամադրությունն ակամա արձագանքում, հարազատ է դառնում դիտողին․․․ Մոր մահից հետո միայնակ ապրող նկարչուհու երազկոտ հոգուց ծնվող բազմաթիվ գործեր արագ գնվում, սեփականացվում են, նաև ցուցահանդեսների ուղարկվում, որոնցով բարձրանում էր նրա անհատականության գնահատականը։ Ի դեպ՝ նշեմ, որ իր ստացած ոչ բարձր գումարով նա միշտ օգնել է աղքատներին։ Հայաստանի Ազգային պատկերասրահում կազմակերպված նկարահանդեսում առանձին դահլիճում ամփոփված են Գայանեի՝ վերջերս վենետիկյան բիենալեին մասնակցած աշխատանքները։ Ի մի բերված հիսուն լավագույն գործերի մեջ առանցքային է ներկայանում «Ռեքվիեմը», մի նկար, որը նաև ընկալվում է որպես Գայանեի՝ կյանքից վաղաժամ հեռանալու ծանր ողբերգ․․․

— Շահեն Խաչատրյան